BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մեր սպասումների Արոնյանը

Մեր սպասումների Արոնյանը
21.02.2014 | 11:09

Հունիսի 2-13-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային աշխարհի այս տարվա հերթական գերմրցաշարը, բնականաբար, մեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ: Մասնակիցների թվում են աշխարհի նորընծա չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերն ու Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան: Հրավեր է ուղարկված նաև Ամերիկան ներկայացնող Հիկարու Նակամուրային: Եթե վերջինս տա իր համաձայնությունը, կմնա պակասող մի տեղ, իսկ մինչ այդ ասենք, որ Ստավանգերում, փաստորեն, ներկայացված կլինի համաշխարհային շախմատի գրեթե ողջ էլիտան:
Սակայն եկեք Ստավանգերը թողնենք մի կողմ, քանի որ դրանից շատ ավելի կարևոր մրցաշար կա, և որին գոնե մենք` հայերս, սպասում ենք առանձնապես: Այո, խոսքը վերաբերում է մարտի 13-31-ին կայանալիք շախմատային թագի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը իրավունք կստանա ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոնին:
Խանտի Մանսիյսկում մրցակիցներն ութն են: Մեր գրոսմայստերի հետ պայքարի մեջ են մտնելու Դմիտրի Անդրեյկինը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Շահրիյար Մամեդյարովը, Վեսելին Տոպալովը:
Եթե նկատեցիք՝ ռուսները ներկայացված են չորս շախմատիստներով, որոնք, բնականաբար, ամեն ինչ կանեն թագի համար անմիջականորեն պայքարելու իրավունքը ձեռք բերելու համար, ինչը, ի դեմս «թիմային» տակտիկայի բանեցման, որոշակիորեն կարող է ենթադրել նաև պայքարի ստվերային կողմերի դրսևորում: Չենք պնդում, բայց աշխարհի առաջնության նախորդ շրջափուլում (հանդիպման վայրը` Լոնդոն) կասկածներ եղան, որ, մրցաշարային իրավիճակով պայմանավորված, Ալեքսանդր Գրիշչուկն ու Սերգեյ Կարյակինը գործել են հօգուտ Վլադիմիր Կրամնիկի: Հնարավոր նման խոսակցություններից խուսափելու համար այս անգամ վիճակահանությունը կատարվել է այնպես, որ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստներն առաջին չորս համարը ստանան, որպեսզի միմյանց հանդիպեն առաջին ու երկրորդ խաղափուլերի առաջին հանդիպումներում, երբ որոշակիորեն դժվար է գուշակել, թե նրանցից «կրակողն» ով է լինելու: Ինչևէ:
Թերևս կարիք չկա ասելու, որ մեր սպասումներն առանձնակի են Լևոն Արոնյանից, ու սրա մեջ պատրիոտիզմի տարրեր և՛ կան, և՛ չկան: Կան այնքանով, որ աշխարհի հայ չեմպիոններ տեսնելու սովոր ազգ ենք, չկան այնքանով, որ մեր շախմատային Մոցարտը բացառիկ շնորհով օժտված մարզիկ է, ու այդ մասին մեզ հավասար ու մեզնից մի բան էլ ավելի խոսում է ողջ աշխարհը:
Իհարկե, կարելի էր նյութի շրջանակներում խոսել մրցաշարի կազմակերպման մյուս մանրամասներից, սակայն դրանք թողնենք հետոյին, որովհետև դրա ժամանակը դեռ կունենանք, իսկ ընթերցողին ժամանակից շուտ չծանրաբեռնենք: Այնպես որ, եկեք մտքներումս ունենանք Ստավանգերը, սակայն այն կայուն համոզմամբ, որ Խանտի Մանսիյսկը դրա համար ավելի քան փայլուն տրամադրություն է ապահովելու: Հուսանք ու հավատանք, հիշելով, որ եթե մի բանի շուրջ դրական էներգիա ես կուտակում, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ